Բելգիական իշխանությունները որոշել են արտաքսել հայ ընտանիքի (տեսանյութ)
Բելգիական իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել Արևելյան Ֆլանդրիայում բնակվող հայ ընտանիքի:
Երեք երեխա (երկու աղջիկ և մեկ տղա) ունեցող ամուսիններն անելանելի վիճակում են հայտնվել ամանորյա տոներին ընդառաջ, տեղեկացնում է RTL հեռուստաալիքը: Ընտանիքի 11-ամյա դուստրը՝ Քրիստինան, որ դպրոց սկսել է հաճախել Բելգիայում, իր հիասթափությունն է արտահայտել հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ ամեն ինչ դրական լուծում կստանա:
Բելգիական աղբյուրը նշում է, որ ընտանիքի արտաքսման հետ կապված որոշումը լայն բանավեճի թեմա է դարձել երկրում: Դպրոցը, որտեղ սովորում է Քրիստինան, նույնպես իր ափսոսանքն է հայտնում փաստի առնչությամբ:
Նշվում է, որ ընտանիքը բնակություն է հաստատել Էկլո քաղաքում ինը տարի առաջ: Նրանց փաստաբան Մարկ Շամպերմանսը նշում է, որ միակ բանը, որ կարող են ներկա իրավիճակում անել, արգելքը չեղարկելն է:
Հինգ հոգանոց ընտանիքը սուրբծննդյան տոներն անցկացրել է հատուկ կենտրոնում, որտեղ նրանց է այցելել Քրիստինայի ուսուցիչներից Գեերտ Ֆաեսը: Հեռուստաալիքի հետ զրույցում նա ասում է, որ իրենց՝ հատկապես աշակերտների համար, շատ դժվար է լինելու առանց աղջնակի: Նա հույս է հայտնել, որ ընտանիքին այնուամենայնիվ չեն արտաքսի:










