Գվատեմալան վաճառեց իր արժանապատվությունն ԱՄՆ-ին. Բոլիվիայի նախագահ

11:45 • 27.12.17

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կտրուկ քննադատել է Գվատեմալայի իշխանությունների որոշումը, ըստ որի երկիրը, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, որոշել է Թել Ավիվից իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


«Դա ուղղակի ձեռառնոցի է միջազգային հանրության նկատմամբ, Գվատեմալայի կառավարությունը չի ընդունում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը և որոշում է դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ։ Մենք ցավում ենք, որ որոշ կառավարություններ վաճառում են իրենց արժանապատվությունը կայսրությանը, որպեսզի չզրկվեն USAID-ի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աննշան օգնությունից»,- Twitter-ում գրել է Մորալեսը։


Հիշեցնենք, որ Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը կիրակի հայտնել է երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման մասին։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմի կարգավիճակի շուրջ հայտարարությամբ հանդես էր եկել դեկտեմբերի սկզբին, որից հետո զանգվածային բախումներ էին տեղի ունեցել Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև աշխարհի տարբեր երկրներում: