Մենք երբեք չենք հարցրել՝ մեզ հե՞տ եք, թե՞ նրանց. ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրումը

12:43 • 27.12.17

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքմանը:

Պատասխանելով լրագրողի՝ համաձայնագրի կնքմանը Ռուսաստանի վերաբերմունքի մասին հարցին՝ Կարասինը, մասնավորապես, ասել է. «Մենք մեր հարևաններին ու դաշնակիցներին վերաբերվում ենք որպես կյանքի ու արտաքին քաղաքականության վերաբերյալ սեփական հայացքներն ունեցող մարդկանց: Մեր հարևաններն ինքնիշխան պետություններ են, և դա վերաբերում է նաև ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակում մեր դաշնակիցներին: Հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում նրանք զարգացնում են բազմավեկտոր շփումներ, դա միանգամայն բնական է 21-րդ դարում: Մենք երբեք մեր հարևաններին ու դաշնակիցներին ընտրության առաջ չենք կանգնեցրել, չենք հարցրել՝ «մեզ հե՞տ եք, թե՞ նրանց»: Այնուհանդերձ՝ մենք իրավասու ենք դաշնակցային հարաբերությունների առաջնահերթության հույս ունենալ»:


Բացի այդ, ըստ նրա, պայմանավորվածությունները, որոնք ստորագրվում են այլ ձևաչափերի, այդ թվում՝ «Արևելյան գործընկերության» շրջանակում, «չպետք է խախտեն ավելի վաղ ռուսական կողմի հետ ձեռք բերված պարտավորությունները»: