Պուտինը ԿԸՀ է ներկայացրել ընտրություններում իր թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեսանյութ)

15:11 • 27.12.17

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 2018թ. մարտին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտոնապես գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Պուտինն ընտրություններին չի առաջադրվի «Եդինայա Ռոսսիա» կուսակցության կողմից: Նախօրեին նրա առաջադրման օգտին է քվեարկել 600-ից ավելի անդամ ունեցող նախաձեռնող խումբը, որին անդակցել են քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստագետներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինը, լինելով անկուսակցական թեկնածու, պետք է ընտրողներից առնվազն 300.000 ստորագրություն հավաքի, որպեսզի որպես թեկնածու պաշտոնապես գրանցվելու իրավունք ստանա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԿՀԸ-ն թույլ է տվել հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին նախընտրական հիմնադրամի ձևավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ այդպիսով «կանաչ լույս» տալով նրա նախընտրական քարոզարշավին:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է՝ ինչու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թույլ չի տրվել մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին: Ըստ նրա՝ Նավալնիի դեպքը չի համապատասխանում օրենսդրությանը։ Նա նաև հերքել է շրջանառվող տեսակետն առ այն, որ Նավալնիի չմասնակցելը կազդի նախագահական ընտրությունների լեգիտիմության վրա:

ՌԴ ԿԸՀ-ն Նավալնիին թույլ չի տվել մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են մարտի 18-ին: