Կառավարությունը հավանության արժանացրեց շրջանակային համաձայնագիրը, որը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ հարաբերությունները
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։
«Շրջանակային այս համաձայնագիրը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում»,-ասաց նա:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ համաձայնագրի դրույթներում նկատի են առնվում ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Նա նշեց, որ Համաձայնագիրը կանոնակարգում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը:
«Կարևորվում ու խրախուսվում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը»,-հավելեց նա:










