Վրաստանն ունի այլ արտաքին քաղաքական կուրս, մենք՝ այլ, բայց դա չի խանգարելու մեզ զարգացնել մեր եղբայրական հարաբերությունները. Է. Շարմազանով

21:59 • 28.12.17

Հարաբերությունները բավական դրական զարգանում են բոլոր ուղղություններով՝ թե՛ գործադիրի, թե՛ խորհրդարանական մակարդակով, թե՛ ժողովուրդների, թե՛ տնտեսական ու քաղաքական լուրջ հնարավորություններ կան այդ պոտենցիալը զարգացնելու: Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցին: Նա կարծում է, որ այս այցը սա բացառիկ էր:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ ինքը որպես ականատես էլ կարող է ասել ու հիշեցնել, որ Վրաստանի հետ Հայաստանը բարեկամ պետություն է, և իրավունք չկա մոռանալու, որ  հայ-վրացական միացյալ զորքերը շատ բնակավայրեր են ազատագրել:

«Այսօր էլ մենք ունենք շատ լավ հիմք՝ զարգացնելու մեր եղբայրական և բարեկամական հարաբերությունները: Չնայած Վրաստանն ունի այլ արտաքին քաղաքական կուրս, մենք՝ այլ, բայց դա չի խանգարելու մեզ, որպեսզի մենք զարգացնենք մեր եղբայրական հարաբերությունները: Իհարկե, կան բազմաթիվ հարցեր, բայց չկա որևէ հարց, որը հնարավոր չլինի լուծել հայ-վրացական բարձր բանակցությունների միջոցով: Երկու կողմից էլ կա և՛ ցանկություն, և՛ քաղաքական կամք բարեկամական հարաբերությունները զարգացնելու»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը Վրաստան կատարած այցի առնչությամբ կարևորեց պետության ղեկավարի անձնական ներդրումը. «Պարոն նախագահի ներդրումը հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման, նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունացման գործում շատ մեծ է: Ես, որպես հայ-վրացական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, պետք է իմ հայ ու վրացի գործընկերների հետ հնարավորինն անենք, որպեսզի նաև խորհրդարանական մակարդակում ազնիվ ու անկեղծ քննարկենք բոլոր հարցերը, մյուս կողմից         կառավարություններն են շատ ինտենսիվ աշխատում»,- շարունակեց նա:

ՀՀԿ մամուլի խոսնակը հայ-վրացական հարաբերություններում մեծ նշանակություն է տալիս նաև դեսպանների դերին ու աշխատանքին: Ըստ նրա՝ նաև ՀՀ-ում Վրաստանի դեսպանն է  ակտիվ աշխատում:

«Մեր նորանշանակ դեսպանը՝ Ռուբեն Սադոյանը՝ նախկին պատգամավորը շատ ինտենսիվ աշխատում է: Դեռ մեկ ամիս չկա, որ նա նշանակվել է, բայց ի ուրախություն մեզ՝ մենք Վրաստանում ի դեմս պարոն Սադոյանի՝ ունենք շատ ակտիվ գործող, պրոֆեսիոնալ, հայրենասեր և պետականամետ մարդ և գործիչ, ով անում է հնարավորը, որպեսզի երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների հարաբերությունները զարգանան: Ես դա տեսել եմ իմ աչքերով: Կարծում եմ՝ այս բոլոր ուղղություններով մենք պետք է շարունակենք մեր աշխատանքները»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

ՀեղինակԱնի Օհանյան