Մեկ-մեկ մեր իշխանավորները մոռանում են՝ ումից են աջակցություն ստանում և քվեարկում են այդ երկրների դեմ. Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

14:50 • 28.12.17

Ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ պայմանագիրը շանս է տալիս Հայաստանին վերադառնալ բազմավեկտոր քաղաքականության. այսօր հրավիրված ասուլիսին ամփոփելով տարին՝ նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա, հաճախ կարելի է լսել իշխանություններից, թե մենք «և-և»-ի քաղաքականություն ենք վարում: «Մեղմ ասած՝ դա չի համապատասխանում իրականությանը, ՀՀ կառավարությունը «Գազպրոմին» փոխանցեց այն խողովակաշարը, որը կառուցվել է Իրանի կողմից ՀՀ-ի մասում, դա «և-և» չէ: Հիմա ի՞նչ է տալիս այս պայմանագիրը, տալիս է շանս վերադառնալ «և-և»-ի, և՛ էներգետիկայի, և՛ ավիացիայի ոլորտում, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք սոցիալական հարցեր լուծելու հարցում: Ողջունում ենք, որ Հայաստանը ստորագրեց, բայց պետք է իրականացնենք, միայն խոսքերով չի լինի «և-և»-ի քաղաքականությունը»,-ասաց նա:

Երկրորդ դրական փոքր տեղաշարժն ըստ Գրիգորյանի՝ Ղարաբաղի հարցում է: «Պարզ է՝ միամիտ չենք, հասկանում ենք, որ արցախյան հարցի լուծումը Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ քաղաքականության պատճառով չի երևում ու շուտ չի էլ լինի, բայց դրական էր, որ Ժնևի հանդիպումից հետո գոնե քիչ են կրակում»,-ասաց նա և նշեց, որ անցած տարի Վիեննայում ստորագրված համաձայնագիրը՝ վստահության մթնոլորտ ձևավորելու, Ժնևում հաստատվել է:

«Միգուցե, որ սահմանին լարվածությունն այդքան կոշտ չէ, դրա արդյունքն է, մի փոքր տրենդը փոխվում է, և այսպես եթե շարունակվի, կես տարուց շանս կլինի վերականգնել բանակցային պրոցեսը»,-ասաց նա:

Ստեփան Գրիգորյանը շարունակեց և անդրադարձավ ԵԱՏՄ ինտեգրացիային: Ըստ նրա, չնայած այն բանին, որ ԵԱՏՄ խաղի կանոնները քննադատում ենք, որ վատ են աշխատում, արդյունք չենք տեսնում, ավելի շատ բացասական արդյունք ենք տեսնում, բայց ինքը դրական է համարում, որ բացասական արդյունքները հասարակությունը տեսնում է:

«Նաև կառավարությունից ասացին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, որ այդ ինտեգրացիայից ոչ բոլոր մեր սպասելիքներն արդարացվեցին: Խաղի կանոնները ԵԱՏՄ-ում ուժեղացնում են մոնոպոլիան ՀՀ-ում, մանր առևտուրը Վրաստանի հետ սահմանափակվեց, Իրանի հետ նավթամթերքի մուտքը սահմանափակվեց, աջ ղեկի խնդիրը ևս: Այսինքն՝ լավ սպասելիքներ ԵԱՏՄ շրջանակներում չեն կարող լինել և պետք է փորձենք շտկել»,-ասաց նա:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն անդրադարձավ նաև Երուսաղեմի հարցով ՀՀ-ի Իսրայելի և ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ քվեարկությանը:

«Զարմացած եմ, որ Հայաստանը կողմ քվեարկեց այն բանաձևին, որը ուղղված էր ԱՄՆ դիրքորոշման դեմ, ոչ այն պատճառով, որ հզոր երկրի դիրքորոշումը պետք է հարգես և զգույշ լինել, այլ այն, որ ՀՀ-ն այդ պրոցեսում չկա: Երբևէ լսե՞լ եք ՀՀ-ն կարծիք ասի իսայելապաղեստինյան հակամարտության հարցով. այնպիսի խճճված վիճակ է, որ իրենք չեն կարողանում տակից դուրս գալ»,-ասաց նա և հավելեց, թե ՀՀ-ն ոչ թե պետք է դեմ քվեարկեր, այլ ընդհանրապես չմասնակցեր քվեարկությանը:

«Մեկ-մեկ մեր իշխանավորները մոռանում են՝ ումից են աջակցություն ստանում: Հասարակությունում էլ բոլորը չգիտեն այս մասին, հիշեցնեմ, որ ՀՀ-ին աջակցում է միայն ԵՄ-ն և ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, Ճապոնիան և այլն: Աջակցում են այս երկրները, իսկ մենք այս երկրների դեմ քվեարկում ենք, չի աջակցում ՌԴ-ն, ՌԴ-ի ուզածը քվեարկում ենք»,-ասաց նա և նշեց, թե ցավում է, բայց ՀՀ-ի համար այս քվեարկությունը հետևանքներ կունենա: