Բաղդադը ևս երկու ամսով երկարաձգել է դեպի Իրաքյան Քրդստան միջազգային չվերթների իրականացման արգելքը
Իրաքի իշխանությունները որոշում են կայացրել ևս երկու ամսով երկարաձգել դեպի Իրաքյան Քրդստան ավիաչվերթների իրականացման արգելքը, այս մասին տեղեկացնում է gazeteduvar.com.tr կայքը:
Արգելքը գործում էր արդեն երեք ամիս: Քրդստանում անցկացված անկախության վերաբերյալ հանրաքվեի իրականացումից 4 օր անց Բաղդադի կարգադրությամբ միջազգային ավիաչվերթների համար փակվել էին Էրբիլի ու Սուլեյմանիայի միջազգային օդանավակայանները:
Արգելքի երկարաձգման մասին լուրը հայտնել է նաև Էրբիլի միջազգային օդանավակայանն իր Twitter-յան պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեից հետո Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից Քրդստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով ստեղծված սոցիալական ծանր վիճակը պատճառ է դարձել լայնամասշտաբ բողոքի ցույցերի, որի ընթացքում մարդիկ են մահացել:
Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):
Իրաքի գերագույն դաշնային դատարանը Քրդստանի անկախության հանրաքվեն հակասահմանադրական ճանաչելու ու դրա արդյունքները չեղարկելու որոշում է կայացրել, Քրդստանի խորհրդարանն իր հերթին հայտնել էր, որ կհարգի դատարանի որոշումը:










