ՌԴ ԿԸՀ-ն թույլատրել է Պուտինին նախընտրական քարոզարշավ սկսել

16:57 • 28.12.17

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին 2018թ. մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության շրջանակում սկսել իր նախընտրական քարոզարշավը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Այժմ արդեն Պուտինը կարող է նախընտրական հիմնադրամի ձևավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ այդպիսով մեկնարկ տալով նախընտրական քարոզարշավին:

Գործող նախագահն ընտրություններին մասնակցելու է ինքնաառաջադրման միջոցով, այլ ոչ թե «Եդինայա Ռոսսիա» կուսակցության կողմից: Անցյալ շաբաթ նրա առաջադրմանը կողմ էր քվեարկել ավելի քան 600 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբը, որի շարքերում էին մի շարք արվեստի և հասարակական գործիչներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԸՀ-ն թույլ է տվել հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին նախընտրական հիմնադրամի ձևավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ այդպիսով «կանաչ լույս» տալով նրա նախընտրական քարոզարշավին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է՝ ինչու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թույլ չի տրվել մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին: Ըստ նրա՝ Նավալնիի դեպքը չի համապատասխանում օրենսդրությանը։ Նա նաև հերքել է շրջանառվող տեսակետն առ այն, որ Նավալնիի չմասնակցելը կազդի նախագահական ընտրությունների լեգիտիմության վրա:

ՌԴ ԿԸՀ-ն Նավալնիին թույլ չի տվել մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են մարտի 18-ին: