Հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության կասկածյալի լուսանկարը
«Росбалт» գործակալությունը հրապարակել է Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում ահաբեկչական ակտի իրականացման հետ կապ ունենալու համար կասկածվող անհայտ տղամարդու լուսանկարը:
Լուսանկարից երևում է, որ տղամարդն ունի ասիական արտաքին, դեպքի օրը նրա հագին եղել է կանաչ բաճկոն, սպորտային տաբատ և սև մարզակոշիկներ:
Աղբյուրը նշում է, որ նա որոշ ժամանակ քայլել է խանութով, ապա դուրս եկել այնտեղից՝ այդպես էլ ոչինչ չգնած:
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է անհայտ անձն ուսապարկով մտնում սուպերմարկետ, թողնում այն հատուկ դարակներում ու, շրջելով խանութում, դուրս գալիս առանց որևէ բան գնելու՝ թողնելով ուսապարկը խանութում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում կատարվածն ահաբեկչություն է անվանել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում երեկ երեկոյան պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել։ Ըստ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Աննա Միտյանինայի՝ տուժածներից 5-ը հոսպիտալացումից հրաժարվել են։
Խանութի պահեստում պայթուցիկ սարք է գործարկվել, որի հզորությունը տրոտիլային համարժեքով եղել է 200 գրամ։












