Կրեմլում բացատրել են, թե ինչու են Սանկտ Պետերբուրգում պայթյունն ահաբեկչություն որակում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, թե ինչու է Կրեմլը նախօրեին Սանկտ Պետերբուրգ քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած պայթյունն «ահաբեկչություն» որակում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Բանն այն է, որ այնտեղ օգտագործվել են խոցող տարրեր և, հետևաբար, այսպես, թե այնպես դա ահաբեկչական ակտ է», - ասել է Պեսկովը՝ խորհուրդ տալով լրագրողներին մեկնաբանությունների համար դիմել համապատասխան կառույցներին, ոչ թե Կրեմլին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում երեկ երեկոյան պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել։ Ըստ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Աննա Միտյանինայի՝ տուժածներից 5-ը հոսպիտալացումից հրաժարվել են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժածների շրջանում անչափահասներ չկան:
Խանութի պահեստում պայթուցիկ սարք է գործարկվել, որի հզորությունը տրոտիլային համարժեքով եղել է 200 գրամ։
Վլադիմիր Պուտինն ահաբեկչություն է անվանել կատարվածը: Պուտինը նաև հայտնել է, որ ահաբեկիչներին ձերբակալելու ժամանակ նրանց կողմից դիմադրության հանդիպելու դեպքում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը թույլատրվում է ոչնչաչնել նրանց տեղում:










