Սաակաշվիլին հայց է ներկայացրել Ուկրաինայի միգրացիոն ծառայության դեմ
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Կիևի շրջանային վարչական դատարան հայց է ներկայացրել երկրի պետական միգրացիոն ծառայության դեմ, գրում է korrespondent.net-ը:
Սաակաշվիլին այս կերպ իր բողոքն է արտահայտել իրեն փախստականի կարգավիճակ չտրամադրելու համար: Նա պահանջել է անօրինական ճանաչել կառույցի «անգործությունն» իրեն փախստականի կարգավիճակ տրամադրելու կամ լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձ ճանաչելու իր դիմումի քննման հետ կապված:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության դեմ հայց կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, որ իրեն առևանգել են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Միխեիլ Սաակաշվիլիին: Փաստացի դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել էին դեկտեմբերի 5-ին: Նա ձերբակալվել էր հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:










