Այս տարի նախատոնական թանկացումներն արտառոց են, բայց ժողովուրդը խնայողության չի անցնում. Կ. Չիլինգարյան
Հայաստանում Նոր տարվա շեմին ամեն ինչ թանկանում է` ի տարբերություն այլ երկրների:
Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ավելացնելով, որ չնայած նկատվող թանկացումներին մարդիկ խնայողության ռեժիմին չեն անցնում:
«Անբնական թանկացումներ են այս տարի, բայց միևնույն է մարդիկ էլի գնումներ անում են, խանութները լիքն են, սայլակները լիքը: Անկախ թանկացումներից ժողովուրդը շարունակում է գնել: Թեև երեք, չորս տարի առաջ մարդիկ ավելի շատ էին, այդ քանակն էլ է պակասել, քանի որ ինչքան էլ չլինի, համենայնդեպս արտագաղթ կա»,-ասաց Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա նախատոնական թանկացումներն արտառոց էին: Նախորդ տարիներին ապրանքները թանկանում էին աստիճանաբար, այս տարի կտրուկ եղավ:
«Այս տարի թանկացումը շուտ սկսվեց ու բարձր տոկոսով, նախորդ տարիներին քիչ-քիչ սկսում էին, զսպողական մեխանիզմ կար, իսկ այս տարի և միսը և կարագը թանկացան: Միսը քիչ-քիչ թանկացավ՝ օրական 10- 20 դրամով թանկացրեցին: Բանանը թանկացավ նորից, թեև մտածում էինք շուկան ազատականացվել է, բայց ոչ»,-ասաց Կարեն Չիլինգարյանը:
Սպառողների խորհրդատվության կենտրոնի թեժ գծին այս օրերին շատ զանգեր չիեն ստացվում, պատճառը, ըստ Չիլինգարյանի, մարդիկ արդեն սովորել են, որ մեր երկրում ամեն տարի թանկացումներ լինելու են:
«Ժողովուրդն արդեն չի էլ զանգում թանկացումների հետ կապված: Սովորել են, որ այս երկրում այդպես է ընդունված: Այն ընտանիքները, որոնք սոցիալապես անապահով են՝ 30-40 հազար դրամով էլ մի կերպ կարող են փոքր սեղան գցել, Նոր տարի անել, միջին ապրող ընտանիքի համար 60- 80 մինչև առավելագույնը 100 հազար դրամ կարելի է նորմալ սեղան գցել»,- ասաց Չիլինգարյանը:
Նա սպառողներին հորդորեց այս օրերին հատկապես ուշադիր լինել գնվող ապրանքների պիտանելիության ժամկետներին ու նաև գնապիտակներին՝ հատկապես խոշոր խանութներում և սուպերմարկետներում գնումներ կատարելիս:










