Դրական որևէ փոփոխություն չի արձանագրվել, հանրային կյանքի բոլոր բնագավառներում արձանագրվել է վիճակի վատթարացում. Զ. Փոստանջյան (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը այսօր ամփոփելով 2017 թվականը, նշեց, որ այս տարին ավտորիտար համակարգի լճացման գագաթնակետն էր: «Որևէ փոփոխություն դեպի դրականը չի արձանագրվել, հակառակը, հանրային կյանքի բոլոր բնագավառներում արձանագրվել է վիճակի վատթարացում»,-ասաց նա:
Ըստ նրա` ընտրությունների միջոցով մենք չենք կարող փոփոխություններ իրականացնել, քանի որ նման հնարավորություն չկա: «Մենք մեծ ազգահավաքի կարիք ունենք։ Մեր հայրենակիցները ստիպված են եղել լքել Հայաստանը։ Իրավունքի վերականգնումն ամենակարևոր պայմանն է հավասարության տեսանկյունից»,-ասաց նա և նշեց, որ շատերը ուղղակի փախել են երկրից: Անդրադառնալով ԱՄՆ կատարած իր այցին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ամերիկաբնակ հայրենակիցները մեծ ցանկություն ունեն էական մասնակցություն ունենալ ՀՀ քաղաքական կյանքին, և նույնիսկ նրանցից ոմանք իրենց տեսնում են քաղաքական պաշտոններում:
«Այսօր Հայաստանում հնչում է դժոխքի երաժշտություն, այն ներթափանցել է ամենուր»,-ասաց նա և նշեց, որ գտնում են, որ միակ ելքն այս համակարգի մերժումն է:
«Ընդվզումը պետք է լինի համազգային, խնդիրների լուծման այլ տարբերակ չկա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր է «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները մեկ միասնական նախագահի թեկնածու ներկայացնեն, Զարուհի Փոստանջյանը չցանկացավ այդ հարցին անդրադառնալ և գնահատել:










