Հեքիաթային Բալին «խեղդվում» է աղբի մեջ (լուսանկարներ)

15:06 • 29.12.17

Ինդոնեզական Բալի կղզու իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել ծովից ափ նետվող աղբի պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ առափնյա գոտում ամենամեծ քանակությամբ աղբ ունեցող երկրների վարկանիշում Ինդոնեզիան Չինաստանից հետո զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում:

Փորձագետների գնահատականների համաձայն՝ ամեն տարի երկրում արտադրության հետևանքով մնում է 1.29 մլն տոննա թափոն:

Նշվում է, որ Բալիի առափնյա գոտու վերջին զգալի աղտոտումը տեղի է ունեցել մուսսոնների՝ սեզոնային կայուն քամիների ամենամյա շրջանից հետո. քամու հետևանքով աղբը հասել է լողափեր:

Կառավարությունն առափնյա գոտիները մաքրելու աշխատանքներ է կազմակերպել, որոնցում ներգրավված է 700 հավաքարար: Ամեն օր 35 բեռնատար մոտ հարյուր տոննա աղբ է տանում Ջիմբարան, Կուտա և Սեմինյակ լողափերից:

Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2025 թվականն աղբի քանակը կարող է աճել 70 տոկոսով: