Կիևի օդանավակայանում չվերթը հետաձգվել է «ավելորդ» կատվի պատճառով
Ուկրաինական «Կիև» օդանավակայանում դեպի Անկարա չվերթը հետաձգվել է կատվի պատճառով, որին ուղևորներից մեկը հանձնել է բեռների բաժին: Այս մասին հայտնում է «Вести»-ի ուկրաինական ծառայությունը:
Ավիափոխադրող ընկերության կանոնների համաձայն՝ մեկ տոմսով կարելի է տեղափոխել առավելագույնը վեց կենդանի, սակայն տղամարդը բեռների բաժին է հանձնել յոթ կատու՝ դառնալով հետաձգման պատճառ:
Պարզվել է, որ ուղևորն օտարերկրյա քաղաքացի է: Նա երկու ժամ խոսել է ավիաընկերության ներկայացուցիչների և ոստիկանության հետ: Ընդ որում՝ ուղևորների մի մասն աջակցել է նրան, իսկ մյուսը դժգոհություն է հայտնել՝ պահանջելով իրականացնել չվերթը:
Նշվում է, որ արդյունքում ընկերությունը համաձայնել է խախտել կանոնները և ընդունել «ավելորդ» կատվին:










