Ռոստովում կին տաքսիստը մոռացկոտ ուղևորներին է վերադարձրել 4 մլն ռուբլին ու փոխարենը միայն շնորհակալության արժանացել
Դոնի Ռոստով քաղաքի բնակչուհի Օքսանա Միլովանովան, որը տաքսիստ է աշխատում, բացառիկ ազնվություն է դրսևորել՝ իր մեքենայում մոռացած 4 մլն ռուբլին վերադարձնելով մոռացկոտ ուղևորներին:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, գումարը գտնվել է սև պոլիէթիլենային տոպրակի մեջ, որը մեքենայում է մոռացել դեպի ավտոկայարան շտապող ամուսնական զույգը: Հետաքրքրական է, որ ամուսինը մտածել է՝ գումարով տոպրակը կնոջ ձեռքին է, իսկ կինը մտածել է՝ ամուսնու:
Երբ Միլովանովան հայտնաբերել է մոռացված միլիոնները, դիսպետչերի միջոցով կապվել է ուղևորների հետ ու վերադարձրել 4 մլն ռուբլին, մինչդեռ զույգը սահմանափակվել է ազնիվ տաքսիստին զուտ շնորհակալություն ասելով: Փոխարենը՝ նրա գործատուն Միլովանովային պարգևավճար է տվել:
Նշվում է, որ կնոջ գործընկերների մեծ մասը հարգանքով է վերաբերվել կնոջ արարքին, սակայն հարազատ դուստրը գտնում է, որ մեծ գումարն այս պահին իրենց շատ պիտանի կլիներ, կօգներ մարել հիփոթեքը: Բայցևայնպես, 61-ամյա Միլովանովան վստահ է, որ ուրիշի փողերը երբեք երջանկություն չեն բերում:










