Գործող համակարգն սպառել է իրեն. «Երկիր Ծիրանին» պատրաստվում է ընդվզման. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

13:10 • 29.12.17

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ պատրաստվում են ընդվզման և հունվարի երկրորդ կեսից արդեն լինելու են Հայաստանի հրապարակներում և փողոցներում:

«Մենք իհարկե կարծում ենք, որ Արցախն էլ է Հայաստանն և Ջավախքում ևս լինելու ենք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը և նշեց, որ ԱՄՆ-ից իրենց հետ բերել են հազարավոր թռուցիկներ և օրացույցներ, «բրիլոկներ», որոնք բաժանելու են քաղաքացիներին և պատրաստվում են լինել մարզերում:

Tert.am-ի հարցին թե ինչպես են պատրաստվում ընդվզման, ինչ գործողություններ են անելու, Զարուհ Փոստանջյանը նշեց, որ ընդվզումը միանվագ գործողություն չէ, հստակ գործողություններ են նախատեսում և հրապարակելու են հստակ ծրագիր:

«Այդ ընդվզման ներքո համահայկական ժողով պետք է հրավիրվի, որը ազգի բոլոր խավերին և մասնավորապես նոր սերնդին պետք է ընդգրկի»,- ասաց նա և նշեց, որ նրանք, ովքեր այս 20 տարիների ընթացքում եղել են իշխանության համակարգում նրանց ներկայությունը նոր քաղաքական համակարգում պետք է բացառել, և նրանք պետք է քաղաքական և իրավական պատասխանատվություն կրեն:

«Հեղափոոխությունները ինչպես են տեղի ունենում, այդ ոճով էլ համակարգը պետք է փոխել»,- ասաց նա և նկատեց, որ համակարգը գնում է դեպի անկում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ով կլինի վարչապետ 2018 թվականին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ կարևոր չէ թե ով կլինի, միևնույն է, նույն համակարգից է լինելու:

«Կարևոր չէ, թե անուն–ազգանունն ինչ կլինի, եթե կառուցվածքը չենք փոխում, մեր կյանքը դրանից չի փոխվելու: Ամենակարևորը համակարգի փոփոխությունն է, այս համակարգը, որն այս պահին գործում է, սպառել է իրեն»,- ասաց նա և նշեց, որ քաղաքական ուժերը և հանրությունը պետք է պատրաստ լինեն նոր քաղաքական համակարգի հիմնադրամ գործում: