Ռուսաստանում կինն ընկել է դիտահորն ու այնտեղ գտել կորած համարվող երեխային (տեսանյութ)

10:45 • 29.12.17

Ռուսաստանի Դաշնության կազմում ներառված Թաթարստանում գրանցվել է ուշագրավ դեպք. ձնապատ ճանապարհով քայլող կինն ընկել է դիտահորն ու այնտեղ հայտնաբերել ցրտից սառած տղային, որը նախքան այդ կորած էր համարվում:

Ինչպես հայտնում է korrespondent.net կայքը՝ Թաթարստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը հղումով, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին Չերեմշան գյուղում, որտեղ 120 մարդ ներգրավվել էր անհետացած 10-ամյա տղայի որոնողական աշխատանքներում:

Տղային փնտրող կանանցից մեկը որոնողական աշխատանքների ժամանակ չի նկատել, որ դիտահորի կափարիչը բաց է, ու ընկել է 3 մետրանոց հորը, որտեղ ի զարմանս իրեն հայտնաբերել է կորած տղային:

Հետագայում պարզվել է, որ երեխան անզգուշության պատճառով ընկել է դիտահորն ու երկար ժամանակ բղավել, սակայն երբ ուժերը սպառվել են, նա պառկել է գետնին ու քնել: Բժիշկների խոսքով՝ ևս մեկ ժամ ու տղան կմահանար ցրտից:

Հավելենք, որ դիտահորն ընկնելու պատճառով կինը ողնաշարի կոտրվածք է ստացել, իսկ երեխան ցրտահարվել է։ Երկուսն էլ այժմ հոսպիտալացված են: