Ավարտվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը. օրենսգրքի դրույթներն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման մասին փաստաթուղթը, ինչով էլ, ըստ էության, ավարտվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը, գրում է РИА Новости գործակալությունը:
Նշենք, որ Ղրղզստանը մինչ այս միակ ԵԱՏՄ անդամ երկիրն էր, որը չէր կատարել Մաքսային օրենսգրքի վավերացմանն ուղղված համապատասխան գործընթացները: Մինչ այդ փաստաթուղթը վավերացվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից:
Սպասվում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքում ընդունված փաստաթղթի դրույթները ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:
Փաստաթուղթն առաջարկում է միանգամայն նոր մոտեցումներ, որոնք թույլ կտան ավտոմատացնել մաքսային գործողություններն արտահանման և ներկրման ժամանակ, օգտվել «մեկ պատուհանի» մեխանիզմից, ինչպես նաև ավելի հարմար պայմաններում բիզնես վարել պետական մարմինների հետ համագործակցության դեպքում: Բացի այդ, փաստաթղթում առաջարկվում է ներդնել էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմը:










