Սպիտակ տունը կոչ է արել Իրանին հարգել բողոքի ցույցերին մասնակցող ցուցարարների իրավունքները
ԱՄՆ-ն կոչ է արել Իրանին հարգել իր քաղաքացիների իրավունքները։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:
Ըստ նրա՝ բողոքի դուրս եկած «խաղաղ ցուցարարները դժգոհ են կոռումպացված ռեժիմից և ազգային հարստության՝ արտասահմանում ահաբեկչությանն աջակցելու նպատակով ծախսմանը»:
«Իրանի իշխանությունները պետք է հարգեն ժողովրդի իրավունքները, այդ թվում՝ ինքնարտահայտման իրավունքը», - գրել է Սանդերսը:
Նշենք, որ Իրանի մի շարք քաղաքներում դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ցույցերն ուղղված են երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ։
Դեկտեմբերի 28-ին էլ Մաշհադ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև, ավելի քան 50 մարդ բերման է ենթարկվել։
Սոցցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են այն մասին, որ բողոքի ցույցերի մասնակիցներն առաջ են քաշում նաև քաղաքական կարգախոսներ։ Քերմանշահ քաղաքում ուրբաթ մի քանի հարյուր մարդիկ բացականչել են «Ազա՛տ արձակեք քաղբանտարկյալներին» և «Մահ, կամ ազատություն»։










