ԱՄՆ-ում ձյան տեղումների ու ցրտերի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել. NYT

12:43 • 30.12.17

Միացյալ Նահանգների կենտրոնական և հյուսիս-արևելյան հատվածներում ցրտերի ու ձյան տեղումների հետևանքով մահացել է առնվազն 7 մարդ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ The New York Times թերթին հղումով։


Համաձայն թերթի տվյալների՝ ձմեռային ցրտերը 2 մարդու մահվան պատճառ են դարձել Չիկագոյի ծայրամասերում (Իլինոյս նահանգ)։ Կանզասի նահանգում 4 մարդ մահացել է ձյան տեղումների հետևանքով գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Հարավային Դակոտա նահանգում էլ 83-ամյա կինը սառցակալել ու մահացել է, երբ ձների մեջ խրված մեքենայից դուրս է եկել ու փորձել քայլելով հասնել հարևան բնակավայր։ Ըստ ԱՄՆ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության՝ այդ շրջանում օդի ջերմաստիճանը գիշերն իջել է մինչև -17 աստիճան։


Միչիգան նահանգում անցած շաբաթվանից ճանապարհներին վատ տեսանելիության ու սառցակալման պատճառով գրանցվել է ավելի քան 30 ավտովթար։


Հաղորդվում են նաև ցրտերից սատկած շների ու Քեյթ Քոդ ծոցի ափին շնաձկների մարմինների հայտնաբերման մասին։