Լիմոնադով, հրապարակում՝ համերգ դիտելով կամ քնած. ինչպես են Երևանի անօթևանները նշելու Ամանորը (տեսանյութ)

17:00 • 31.12.17

Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության կայարանի մերձակայքում ապրող անօթևանները տարբեր ձևով են նշելու նոր տարին. նրանց մեկը ներկա է գտնվելու Հանրապետության հրապարակում այդ օրը սպասվող համերգին, մյուսը հենց Բաղրամյան պողոտան և Կասյան փողոցը իրար կապող կամուրջի տակ է պատրաստվում դիմավորել 2018 թվականը, իսկ մեկ ուրիշը ուղղակի քնելու է:

«Ես ոչ մի բան չեմ անելու, այ սենց նստելու եմ ստեղ, ի՞նչ պետք է անեմ կամ ի՞նչ ունեմ անելու: Շատ շատ գնամ հրապարակ, համերգը նայեմ հետ գամ, ի՞նչը նշեմ»,- ասաց անօթևաններից մեկը:

Մետրոյի Բարեկամության կայարանի անցումում անօթևանի կարգավիճակում գտնվող 4 քաղաքացի կա: Արդեն 9 տարի նույն տեղում ապրող անօթևանն այս տարի էլ նույն ձևով է անցկացնելու ամանորը, ինչպես նախորդ 9 տարիներին:

«Մի քանի հոգի կա այստեղ, իրար հետ ենք անցկացնում: Դա նշել չի, ուղղակի հավաքվում ենք, խոսում ենք, կարող է մի բան ուտենք, մի բան խմենք: Ես կարող է քնեմ էլ այդ ժամանակ»,- նշեց նա:

Անօթևաններից մեկ ուրիշը հայտնեց, որ այս տարի միայն լիմոնադով է տոնելու ամանորը. «Արդեն 5 տարի է, ինչ դրսում եմ նշում Նոր տարին: Այս անգամ ես մենակ եմ լինելու, իմ կարգավիճակում մարդիկ կան այստեղ, բայց ես նրանց հետ չեմ շփվում, որովհետև բոլորը շառ են: Բաղրամյանի կամրջի տակ եմ նշելու այս տարի, երևի, միայն լիմոնադով»,- ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում: