Եթե Ռուսաստանը հանեց իր զորքերը, ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք դիմակայելու թուրք-ադրբեջանական տանդեմին. Գագիկ Համբարյան
Ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելու առաջարկները անհեռատես են: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ըստ նրա՝ Հայաստանը նախ պետք է ինքնուրույն կարողանա ապահովել իր անվտանգությունը, հետո միայն հրաժարվի ռուսական զորքի օգնությունից:
«Ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի պես հարևաններ, Հայաստանը միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը, և դա փաստ է: Եթե որևէ մեկը փորձի ապացուցել ինձ, որ Հայաստանը ի վիճակի է Թուրքիայի ու Ադրբեջանի նման հարևաններ ունենալով ապահովել իր անվտանգությունը, դա կասեմ, որ դա դեմագոգիա է: Հայաստանում ռուսական զորքերի առկայությունը պաշտպանում է մեր սահմանները, դա նաև հոգեբանական գործոն է մեր հարևանների նկատմամբ»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանում ռուսական զորքերի առկայությունը կարևոր է հենց մեզ համար, չնայած, Ռուսաստանն էլ հետապնդում է իր շահերը՝ ներկայացված լինել այս տարածաշրջանում:
«Հայաստանը չունի այն ֆինանսական ու մարդկային ռեսուրսները, որ դիմակայի թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքներին: Հայտարարել, որ պետք է դուրս բերել ռուսական զորքերը, հեռացնել ռուսական ռազմական բազան, անհեռատես է: Նման կոչեր անողները պատրա՞ստ են որևէ այլ մեխանիզմներ առաջարկել, թե ինչպես Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունը: Ումո՞վ պետք է Հայաստանը փոխարինի այդ զորքերը»,- ասաց Համբարյանը:
Քաղաքագետը նշեց, որ եվրոպական մի շարք երկրներ պատված են ամերիկյան ռազմական բազաներով, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներ: «Նրանք ԽՍՀՄ փլուզումից հետո, լինելով եվրոպական երկրներ, չունենալով արտաքին այնպիսի վտանգներ, ինչպիսին ունի Հայաստանը, գերադասում են իրենց երկրներում ԱՄՆ զորքեր պահել, որ անվտանգությունը ապահով լինի: Իսկ մենք մեծ խնդիրներ ունենք: Եթե Ռուսաստանը հանեց իր զորքերը, ի՞նչ ենք անելու, ո՞վ է փոխարինելու նրանց»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Գ. Համբարյանը նշեց, որ ԱՄՆ ռազմաբազաները Թուրքիայում են, հայերը սահմանից կարող են տեսնել, թե ինչպես են նրանք ամեն օր զորավարժություններ անցկացնում: Ըստ նրա՝ այլ հարց է, որ ռուսական ռազմաբազայի, ռուսական զորքերի իրավունքները և պարտականությունները պետք է խիստ սահմանափակվեն, որպեսզի ռուս զինվորները Հայաստանի տարածքում իրենց թույլ չտան այնպիսի գործողություններ, ինչպես դա պատահեց տարիներ առաջ Գյումրիում, երբ զինվոր Պերմյակովը մտավ տներից մեկն ու սպանեց Ավետիսյանների ամբողջ ընտանիքը:










