Չակնկալեք, որ հրաժարվելու ենք միջուկային ծրագրից. Փհենյանը դիմել է աշխարհի առաջնորդներին

15:03 • 31.12.17

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ եկող տարում կշարունակի հզորացնել երկրի միջուկային ծրագիրն ու այդ ոլորտում կընդլայնի ունեցած հնարավորությունները:

Ինչպես նշում է The Guardian-ը, հայտարարությունը տարածվել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության կողմից:

«Չակնկալեք, որ վարվող քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի կունենա: ԱՄՆ-ն անընդհատ Հյուսիսային Կորեայի դեմ է գործում քաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական ու մնացած ոլորտներում, բայց նույնիսկ դա չի կարող կոտրել մեր վստահությունը հաղթանակի նկատմամբ»,-ասվում է  իշխանությունների տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները խիստ լարվել են՝ ստեղծելով նախապատերազմական իրավիճակ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացմանը՝ սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել երկիրը: Մինչդեռ Հյուսիսային Կորեան պնդում է, որ այդ ծրագրերն ամերիկյան ագրեսայից պաշտպանվելու միակ հուսալի միջոցն են: