Թալինի դպրոցի նկուղում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել, ահազանգողը եղել է 3-րդ դասարանի աշակերտ. ոստիկանություն

14:44 • 31.12.17

Այսօր՝ ժամը 11:30-ին ստացված ահազանգը, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 հանրակրթական դպրոցի նկուղում ռումբ է տեղադրված, կեղծ է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Օպերատիվ խումբը մեկնել է նշված դպրոց, պարզվել է, որ իրականում ռումբ տեղադրված չի եղել, և ահազանգը կեղծ է եղել»-ասաց նա:

Նա նշեց, որ ոստիկանությունը ճշտել է ահազանգողի ինքնությունը և պարզվել է, որ ահազանգողը նույն դպրոցի երրորդ դասարանի աշակերտ է եղել:

«Երեխան բերվել է բաժին և ծնողների ներկայությամբ խոստովանել է, որ ինքն է զանգողը եղել և ասել է, որ կատակ է արել»,-ասաց Էդգար Ջանոյանը և նշեց, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել: