82-ամյա կինը չի արձագանքում դռան թակոցներին, փրկարարները պարզում են՝  ներսում  մեկ այլ պապիկի հետ է. 911-ի զավեշտալի զանգերից

11:40 • 01.01.18

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը, բացի  լուրջ դեպքերի մասին ահազանգերից, ստանում է նաև զավեշտալի բնույթի զանգեր: ԱԻՆ լրատվության վարչությունից Tert.am-ին են տրամադրել այդ զանգերից մի քանիսը, որոնց, ըստ նրանց, փրկարարներն արձագանքում են անխտիր:

Ամաչկոտը

«911» ծառայություն ահազանգ է ստացվում, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սարուխան գյուղի «Գռի ձոր» կոչվող հատվածում քաղաքացի է կորել (գնացել է բնական կարիքները հոգալու և չի վերադարձել):

Մինչ փրկարարները որոնողական աշխատանքներ էին իրականացնում՝ գյուղապետից տեղեկություն է ստացվում, որ գյուղի «կորած» բնակիչը վերադարձել է տուն: Պարզվում է, որ նա ուղղակի ամաչել էր ձորից դուրս գալ և սպասել էր մինչև օրը կմթնի:

Տատիկը և պապիկը

«911» ծառայություն ահազանգ է ստացվում, որ Երևանի շենքերից մեկի բնակարանի բնակիչը (82 տարեկան կին) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզում են, որ տատիկը ներսում գտնվել է մեկ այլ պապիկի հետ, ինչի համար էլ չի ցանկացել բացել դուռը:

Ակամա բանտարկություն

«911» ծառայությունում ահազանգ է ստացվում, որ քաղաքացին գնացել է Մոսկովյան փողոցում գտնվող թերթերից մեկի խմբագրություն, որպեսզի… օգտվի գրասենյակի սանհանգույցից: Աշխատակիցները` չիմանալով, որ շենքում մարդ կա, դուռը կողպել են ու գնացել:

911-ից կապ է հաստատվել խմբագրության տնօրենի հետ, ում միջոցով խմբագրության դուռը բացել են և ազատագրել տարաբախտ քաղաքացուն:

Կատակասեր էլեկտրիկը

«911» ծառայություն ահազանգ է ստացվում, որ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներից մեկին քաղաքացին բարձրացել է բարձրավոլտ էլեկտրասյան վրա և սպառնում է ցած նետվել:

Կապ հաստատելով և ահազանգողի, և սյան վրա բարձրացած քաղաքացու հետ` պարզվել է, որ էլեկտրասյան վրա բարձրացած քաղաքացին գյուղի էլցանցի աշխատակիցն է: Վերջինս բարձրավոլտ էլեկտրասյան վրա պրոֆիլակտիկ աշխատանքներ է իրականացրել, իսկ ներքևում գտնվող քաղաքացիների հետ կատակ է արել` ասելով, որ պատրաստվում է ցած նետվել:

Պար, թե՞ ինքնասպանության փորձ

Ահազանգ է ստացվում, որ Երևանի շենքերից մեկի տանիքում մի երիտասարդ աղջիկ է նստել ու տարօրինակ շարժումներ է անում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը և ՃԿԿ օպերատիվ խումբը պարզում են, որ շենքի տանիքում գտնվող երիտասարդ աղջիկն ընդամենն ականջակալներով երաժշտություն է լսել ու… պարել, իսկ նրա շարժումները հեռվից դիտողների համար ինքնասպանության փորձի տպավորություն են ստեղծել:

Ֆուտբոլային հաշիվը՝ կռվի առիթ

Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղի օրն «911» ծառայություն են զանգահարում հայր և որդի: Նրանք հայտնում են, որ ընտանիքում խաղի հաշիվը չհիշելու պատճառով անախորժություն է եղել և խնդրում են ասել նշված խաղի հաշիվը:

«911» ծառայության օպերատորը քաղաքացիներին հայտնում է ճիշտ հաշիվը`  2:1 հօգուտ Հայաստանի:

Երկրորդ զանգ

«911» ծառայություն ահազանգ է ստացվում, որ ավտոմեքենա է այրվում.

-Հարգելի քաղաքացի, խնդրում եմ հասցեն ասեք:

-Լավ-լավ, մի վայրկյան… Հիմա կզանգեմ, ինձ երկրորդ գծով զանգում են:

Անհրաժեշտ է «ՊԱԺԱՌՆԻ»

«911» ծառայություն հրդեհի ահազանգ է ստացվում: Այրվում էր ավտոմեքենա:

-Հարգելի քաղաքացի, պատասխանեք իմ հարցերին, որպեսզի պարզ լինի ի՞նչ ավտոմեքենաներ է անհրաժեշտ ուղարկել դեպքի վայր:

-Ի՞նչ մեքենա պիտի ուղարկեք՝ «ՊԱԺԱՌՆԻ»:

Արևի խավարում

Գարնանային մի օր «911» ծառայություն է ահազանգում մի քաղաքացի` ճշտելու արդյոք  արևի առաջիկա խավարումը կարո՞ղ է թաղման արարողությունը հետաձգելու պատճառ դառնալ:

Աշխարհագրության դաս

«911» ծառայություն է զանգահարում մի քաղաքացի.

Կներեք, չէիք ասի` Արցախ գնացող ավտոճանապարհը բա՞ց է:

Ո՞ր կողմով եք գնալու՝ Սոթքով, թե՞ «Զանգեր» կոչվող հատվածով:

Ավտոմեքենայով ենք գնալու, ուրիշ էլ ո՞նց:

Փրկեք սերիալներից

«911» ծառայություն է զանգահարում մի քաղաքացի՝ խնդրելով օգնել իրեն.

-Խնդրում եմ, գրանցեք մեր հասցեն ու էս սերիալները հանեք մեր հեռուստացույցի միջից: Մենք ընտանիքով արդեն զզվում ենք սերիալներից:

Հայկական ցլամարտ

«911» ահազանգ է ստացվում, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները պարաններով կապել են ցլին և տեղափոխել անասնագոմ: