Իրանում զանգվածային ցույցերի զոհ է դարձել 10 մարդ

20:06 • 01.01.18

Դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում անցկացվող զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական պետական հեռուստաընկերությանը:

Նշվում է, որ զինված ցուցարարները փորձել են ոստիկանության բաժանմունքներ և ռազմակայաններ բռնագրավել, սակայն անվտանգության ուժերը կանխել են նրանց գործողությունները:

«Մի շարք զինված ցուցարարներ փորձեցին վերահսկողություն հաստատել որոշ ոստիկանական բաժանմունքների և ռազմակայանների վրա, սակայն նրանք հանդիպեցին անվտանգության ուժերի ուժեղ դիմադրությանը», - նշել է հեռուստաընկերությունը:

Reuters-ի հաղորդմամբ՝ հեռուստատեսությունը չի կիսվել տեղի ունեցածի մանրամասներով, և այս հայտարարությանը հաստատում չի հետևել:

Հիշեցնենք, որ իրանական Fars գործակալությունը դեկտեմբերի 29-ին հայտնել էր վեց քաղաքում զանգվածային ցույցերի մասին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ցույցերն ուղղված են երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ։

Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին ցույցերի անցկացման համար մեղադրել է պահպանողական շրջանակներին։ Նրա կարծիքով՝ նրանք օգտագործում են երկրի տնտեսական խնդիրները նախագահ Հասան Ռոհանիի վարած բարեփոխումների քաղաքականությունը տապալելու համար։ Դրանով են, ըստ նրա, բացատրվում ցուցարարների պաստառներն ու կոչերը՝ «Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին»։