Քրդական համայնքում թեև Նոր տարին գալիս է մարտ ամսին, բայց մենք էլ հայ ժողովրդի պես, նույն ադաթներով նշում ենք հունվարի 1-ը. Կնյազ Հասանով
Նոր տարուն մեր համայնքը պատրաստվում է ճիշտ այնպես, ինչպես հայերն են պատրաստվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը:
«Համայնքում էլ ոչ մի տարբերություն չկա, բայց մեր օրենքով Նոր տարին գալիս է մարտ ամսին, երբ գարնան զարթոնք է գալիս, կանաչն է դուրս գալիս, երբ արյունը եռալու ժամանակաշրջանն է լինում, այդ ժամանակ է Նոր տարին: Բայց մենք, ինչպես հայ ժողովուրդը, նույն սովորություններով, նույն ադաթներով անց ենք կացնում հունվարի 1-ը, սեղանին ունենալով բուդը, մնացած բոլոր ճաշատեսակները, խմիչքները, եթե հնարավորություն կա ճոխության, մարդիկ այդպես անցկացնում են»,-ասաց նա:
Ըստ նրա, իրենց տանն էլ, երեխաները Ձմեռ պապիկին նամակ են գրում, տոնածառ զարդարում: «Արդեն թանկ նվերներ են ուզում, էլ առաջվանը չի, որ մի կոնֆետով խաբենք»,-ասաց նա:
Կնյազ Հասանովին հատկապես տոնը դուր է գալիս այն առումով, որ աղքատ ու ունևոր հասկացությունը վերանում է: «Ամեն ձևով մարդիկ հայթայթում են, տարբեր ձևերով գումարներ են ստեղծում և Նոր տարվա սեղանը միշտ էլ լինում է»,-ասաց նա և ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ազգային փոքրամասնություններին մաղթեց ուրախ, հաջողակ տարի, որ մեկս մյուսին առողջ տեսնի ու շարունակեն խաղաղ ապրել:
Անցած տարին քուրդ պատգամավորի գնահատմամբ` ընդհանուր առմամբ հաջողակ էր. «Պատերազմ չենք տեսել, խաղաղ էր, այդ առումով լավ տարի էր, քաղաքական առում էլ լավ տարի էր ինձ համար այն իմաստով, որ մեզ ընտրեցին որպես ԱԺ պատգամավոր, մենք արդեն զբաղվում ենք քաղաքականությամբ, գալիս ենք ԱԺ, միաժամանակ ընտրվել ենք հանձնաժողովների անդամ, իմը Կրթության, գիտության և սպորտի հանձնաժողովն է»:
Կնյազ Հասանովը կանխատեսում է՝ հաջորդ տարին էլ լավ կլինի, որի նախանշանները արդեն երևում են. «Հաջող տարի էր, ուրախ տարի էր, որն էլ մինչև տարեվերջ մեզ չհիասթափեցրեց, տեսնում եք` արևոտ եղանակով դիմավորում ենք Նոր տարին»,-ասաց նա:
Իսկ թե օգտվելով պատգամավորական մանդատից, ի՞նչ հարցեր է փորձել լուծել իր համայնքի համար, Կնյազ Հասանովը նշեց, թե շատ են գյուղերից զանգում, դիմում, որ մի տեղ խմելու ջուր չկա, մի տեղ ճանապարհների հարցն է, որ վատթար վիճակում է: «Հարցը բարձրացրեցի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, Կապի և տրանսպորտի նախարարությանը հանձնարարվեց, որպեսզի այդ հարցերով զբաղվեն, մենք էլ ուշադրությամբ հետևում ենք, որ այդ հարցերը մտնեն եկող տարվա պլանի մեջ»,-ասաց նա:










