Կալիֆորնիայում պաշտոնապես մեկնարկել է մարիխուանայի վաճառքը
Երկուշաբթի ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում պաշտոնապես մեկնարկել է ոչ բժշկական նպատակներով մարիխուանայի վաճառքը: Այս մասին հայտնում է Business Insider պորտալը:
Ամանորի կեսգիշերին ուժի մեջ մտած կանոնների համաձայն՝ «մեծահասակները 21 տարեկան տարիքից կարող են գնել մինչև մեկ ունցիա (մոտ 28 գրամ) մարիխուանա»: Դրանից բացի, այժմ կարելի է «տանն աճեցնել այս բույսի մինչև վեց միավոր՝ առանց բժշկի թույլտվության»:
Նշվում է, որ ցանկացած խանութում մարիխուանա ձեռք բերելն առաջվա պես անհնար կլինի. այն վաճառելու համար հատուկ արտոնագիր է անհրաժեշտ, որը տվյալ պահին ստացել է մոտ 40 ընկերություն:
Հատկանշական է, որ սահմանափակումները վերաբերում են նաև վաճառքի ժամերին. թմրանյութի վաճառքն արգելված է երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 6:00-ն:
Հայտնի է, որ մարիխուանայի վաճառքն օրինականացնելու վերաբերյալ որոշումն ընդունվել է քվեարկության ընթացքում, որն անցկացվել է Կալիֆորնիայում 2016 թվականի նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին զուգընթաց:
Համենայն դեպս, նորամուծությունը վերաբերում է Կալիֆորնիայի ոչ բոլոր շրջաններին. նահանգի ավելի քան 70 շրջանի իշխանություններ օրենքներ ունեն, որոնց համաձայն արգելվում է մարիխուանայի վաճառքը կամ աճեցումը:










