Թեհրանում անկարգությունների ընթացքում երեք օրում 450 մարդ է ձերբակալվել
Շաբաթ օրվանից Իրանի մայրաքաղաք Թեհրանում անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 450 մարդ: Այս մասին իրանական ԻՐՆԱ գործակալությանը հայտնել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Ալի Ասգար Նասերբախտը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նրա խոսքով՝ «200 մարդ ձերբակալվել է շաբաթ օրը, 150 մարդ՝ կիրակի, մոտ 100 մարդ էլ՝ երկուշաբթի օրը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվում:
Վերջին տվյալների համաձայն՝ ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Մինչդեռ Իրանի պետական հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերի հետևանքով մահացել է 20 մարդ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերը, հայտնել է, որ այս մերձարևելյան պետությունում եկել է փոփոխությունների ժամանակը:










