Երևանում հունվարի 1-ին 57-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է, նա եղել է ոչ սթափ. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալված Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Շադանյանին տեղափոխելու են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Թադևոսյանը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գ. Շադանյանի նկատմամբ, ով հունվարի 1-ին Արտաշատի խճուղում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակչուհի՝ 57-ամյա Գոհար Պետրոսյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։
Շենգավիթի ոստիկանների կողմից հայտնաբերվելուց հետո նա ենթարկվել էր բժշկական փորձաքննության, և պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդն Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհար Պետրոսյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել էր փախուստի:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։










