Հայաստանում լուրջ խնդիրներ կան, բայց իշխանությունները հստակ պատկերացնում են` ինչպես կարգավորել դրանք. Սուրեն Մանուկյան

13:00 • 04.01.18

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը չի հերքում, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան, սակայն գտնում է, որ իշխանությունները  հստակ պատկերացնում ունեն, թե ինչպես պետք է դրանք կարգավորել: Նա Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով 2017 թվականը նշեց, որ այսօր Հայաստանը գնում է զարգացման ճանապարհով, իսկ իշխանությունները լավագույնս պատկերացնում են, որ մի շարք լուրջ հարցեր կան, որ չեն կարգավորվել:

«Հույս ունեմ, որ այս Կառավարությանը հնարավորություն տալով՝ մի շարք խնդիրներ կլուծվեն, գոնե մի 90 տոկոսը կարգավորված կլինի»,- ասաց Սուրեն Մանուկյանը:

Պատգամավոր ամենախնդրահարույց ոլորտը չառանձնացրեց՝ շեշտելով, թե  ցանկացած ոլորտում են լուրջ փոփոխություններ անհրաժեշտ են, քանի որ միմյանց փոխկապակցված են:

«Բանակ, կրթություն, առողջապահություն, սոցիալական և այլ բոլորը միմյանց շաղկապված են: Առանձին  ինչ-որ ինստիտուտ վերցնել և առավելություններն ու թերություններն առանձնացնել, կարծում եմ, որ սխալ է»,- նշեց Սուրեն Մանուկյանը:

Հարցին՝ քաղաքական ի՞նչ անակնկալներ սպասել 2018-ից, Սուրեն Մանուկյանը պատասխանեց, թե դրա համար կա Կառավարություն, և նոր ընտրված Կառավարությունը կորոշի, թե ովքեր ինչ պաշտոններ կզբաղեցնեն:

«Կախված է Կառավարության ղեկավարից, քանի որ մենք դառնում ենք խորհրդարանական երկիր»,- շարունակեց Մանուկյանը:

Դիտարկմանը, որ 2017 թվականը ՀՀ-ն փակեց աղքատությամբ և սոցիալական խնդիրներով, Սուրեն Մանուկյանն արձագանքեց.«Այսօր ցանկացած մարդ ուզում է, որ իր երկրում աշխատավարձները  բարձր լինի, գնաճ չլինի սոցիալապես անապահով խավ չլինի: Ես մեծ հույս եմ կապում այսօրվա կառավարության հետ  և հույս ունեմ, որ 2018 թ.-ին, թեև բյուջեով նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում, միևնույն է, որոշակի հատվածում նման հնարավարություն կլինի»:

Ինչ վերաբերում է բուն տոնին՝ Ամանորին, ապա պատգամավորը հայտնեց, որ սովորաբար այն տանը չի նշում:

«Նոր տարին չեմ սիրում, սովորաբար ընտանիքով քաղաքից դուրս ենք անցկացնում: Նոր տարուն մարդ պիտի հանգստանա, ոչ թե ավելի շատ հոգնի: Այսօր, եթե քո օջախում չես նշում, չես նեղանում, որ այս ինչ մեկը չեկավ, չշնորհավորեց, ոչ էլ ուրիշն է նեղանում, որ դու չգնացիր, նախ այդ ծանր բեռից ես ազատվում, բացի այդ,  Նոր տարին պատկերացնում եմ, որ սկսես ընտանիքի հետ, անես այն, ինչ ընտանիքով որոշում եք»,-եզրափակեց Սուրեն Մանուկյանը:

 

ՀեղինակԱնի Օհանյան