Աշխարհում առաջին քրիստոնյա պետության խորհրդանիշներն ու լեգենդները. BBC-ի անդրադարձը (լուսանկարներ)
BBC-ի ռուսական ծառայությունը Սուրբ ծննդյան կապակցությամբ անդրադարձել է Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկրի խորհրդանիշներին ու լեգենդներին՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է և տարբերվում է ինչպես բյուզանդական ուղղափառությունից, այնպես էլ հռոմեական կաթոլիկությունից: Այստեղ Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին, գրում է լրատվամիջոցը:
Հայաստանի դերը աշխարհի հոգևոր պատմությունում դժվար է գերագնահատել: Պատմաբանների մեծ մասը միակարծիք է, որ 301 թվականին այն դարձավ աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը:
Լրատվամիջոցը գրում է, որ լեգենդի համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսը սուրբ Գրիգոր Լուսավորիչն է եղել, ում շնորհիվ հայոց թագավոր Տրդատ III-ը քրիստոնեություն է ընդունել, իսկ այնուհետև այն դարձրել պետական կրոն:
Հեղինակը պատմում է, որ Տրդատը հրահանգել է Գրիգոր Լուսավորչին նետել ստորգետնյա զնդանը, որտեղ նա մնացել է 13 տարի, և համաձայն լեգենդի, հիվանդությունից Գրիգորի օգնությամբ բուժվելուց հետո մկրտվել է և քրիստոնեությունը հռչակել Հայաստանի պետական կրոն:
Հոդվածի հեղինակը նաև անդրադառնում է հնագույն անցյալի հետքերին, մասնավորապես՝ Գառնու տաճարին, սուրբ Գայանեի վանքին, Խոր Վիրապին, Գեղարդ վանական համալիրին, Սուրբ Զորաց եկեղեցուն, հոգու փրկության խորհրդանիշ համարվող խաչքարերին, Քարահունջ համալիրին և դրանց շուրջ գոյություն ունեցող պատմություններին և լեգենդներին:



















