ՊՊԾ գնդի գրավման գործով 3 ամբաստանյալները մի քանի օր է՝ հացադուլ են անում
ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանը, Արայիկ Խանդոյանը և Արմեն Բիլյանը շարունակում են հացադուլը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին նրանց պաշտպանները:
Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ է և չի պատրաստվում այն դադարեցնել մինչև պահանջները չբավարարվեն:
«Այսքան օր է հացադուլի մեջ է, միայն ճնշումն են չափել, ոչ մի այլ բան չի արվել: Եվ մեկ հանձնաժողով է այցելել, որոնք երկու հարց են տվել և հեռացել, ուրիշ ոչ մի բան չի արվել: Ըստ էության, որևէ քայլ չի ձեռնարկվում»,- ասաց փաստաբանը:
Արմինե Ֆանյանի տեղեկացմամբ՝ առողջական խնդիրներով պայմանավորված՝ Արմեն Բիլյանը պահանջում է իրեն հետազոտել և տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ:
«Մասնավորապես, Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հարցն է, այնտեղ պայմանները մի փոքր ավելի բարվոք են: Կոնկրետ Նուբարաշեն ՔԿ-ում թե՛ բուժանձնակազմը, թե՛ խցային պայմանները իր առողջության հետ անհամատեղելի են»,- հայտնեց Արմինե Ֆանյանը:
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ նշեց, որ 2 օր առաջ է հանդիպել պաշտպանյալին և խնդրել է դադարեցնել հացադուլը, սակայն Խանդոյանը հրաժարվել է:
«Լավ էր, բողոք-գանգատ չուներ, թեև երիկամների ցավեր ու գլխապտույտներ ուներ, ճնշումն էր շատ ցածր: Դեկտեմբերի 31-ին է շատ վատ եղել և շտապօգնություն են կանչել: Դեկտեմբերի 29-ին և 30-ին խցում մնացել է առանց ապակու, միայն 31-ին են պատուհանի ապակին տեղադրել: Բազմաթիվ անձանց անունից խնդրեցի, որ դադարեցնի հացադուլը, սակայն չհամաձայնեց. ասաց, որ շարունակելու է հացադուլը, և հատկապես Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին աջակցելու նպատակով»,- տեղեկացրեց Արայիկ Պապիկյանը:
Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի և պահանջների մասին փաստաբանները չկարողացան տեղեկություն տրամադրել, բայց հայտնեցին, որ նա ևս շարունակում է հացադուլը: Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանը հրաժարվել էր իր փաստաբան Հայկ Ալումյանի ծառայություններից: Այժմ նրա պաշտպանությամբ ոչ ոք չի զբաղվում:
Նշենք նաև, որ Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից, Արմեն Բիլյանը՝ դեկտեմբերի 19-ից, իսկ Արայիկ Խանդոյանը՝ դեկտեմբերի 29-ից:










