Բաղդադը պատրաստ է բանակցել Իրաքյան Քրդստանի հետ նավթային արտահանումների նոր պայմանավորվածությունների շուրջ
Բաղդադը պատրաստակամություն է հայտնել բանակցել Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ նավթային արտահանումների նոր պայմանավորվածությունների շուրջ, այս մասին հայտարարել է Իրաքի նավթի նախարար Ջաբբար Լուայբին, գրում է քրդական Rudaw կայքը:
Նախարարը հայտնել է, որ Էրբիլի հետ բանակցությունների համար պատրաստությունների մեկնարկի համար հրաման են ստացել անձամբ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիից:
«Հավատում եմ, որ բանակցությունների վերսկսման դեպքում դրանք դրական արդյունք կունենան»,- ասել է իրաքցի նախարարը:
Աղբյուրը նշում է, որ Բաղդադի և Էրբիլի միջև նավթային ճգնաժամը չի գտնում իր լուծումն ավելի քան 10 տարի:
Շաբաթներ առաջ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաղդադը մտադիր է ամբողջովին իր վերահսկողության տակ առնել Իրաքյան Քրդստանից նավթի արտահանման գործընթացը: Իրաքում նավթի վաճառքի հարցերով զբաղվող պետական SOMO ընկերությունը հայտնել էր, որ առկա պայմաններում հնարավոր չէ շարունակել Քիրքուքից դեպի թուրքական Ջեյհան նավթի մատակարարումն առանց համապատսախան պայմանագրի վերակնքման:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:










