Մալայզիան թույլ է տվել շարունակել 2014 թվականին կորած ինքնաթիռի որոնումները
Մալայզիայի կառավարությունն ընդունել է ԱՄՆ-ում գտնվող Ocean Infinity ընկերության առաջարկը շարունակել 2014 թվականի մարտին կորած Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի որոնումները: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Երկրի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը հայտարարել է, որ երկրի կառավարությունը հանձնառու է մնում ինքնաթիռը գտնելու խնդրին:
Գործակալության տվյալներով՝ Ocean Infinity ընկերությանը պատկանող որոնողական նավն արդեն այս շաբաթվա սկզբին ուղևորվել է Հնդկական օվկիանոս ինքնաթիռի հնարավոր բեկորները որոնելու համար:
Անցած տարվա հունվարի 17-ին Ավստրալիայի, Չինաստանի և Մալայզիայի իշխանությունները հայտարարել են Malaysia Airlines-ի ինքնաթիռի որոնումները դադարեցնելու մասին:
Ինքնաթիռն անհետացել է Կուալա Լումպուրի և Պեկինի միջև 2014 թվականի մարտի 8-ին MH370 չվերթն իրականացնելիս: Ինքնաթիռը կորել է ռադարների էկրանից թռիչքից մեկ ժամ անց: Ինքնաթիռում եղել է 239 ուղևոր և անձնակազմի անդամ:










