ՌԴ ԱՄՆ–ին քննադատել է Իրանի ցույցերի կապակցությամբ ՄԱԿ-ի լիազորությունները չարաշահելու համար
Ռուսաստանը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին Իրանի ցույցերի կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Իրանի «ներքին գործերի» մեջ ներգրավելու փորձը վնաս է հասցնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հեղինակությանը:
«Այսօր, ցավոք, մենք հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է ԱՄՆ-ն չարաշահում Անվտանգության խորհրդի հարթակը: Ինչո՞ւ է ԱՄՆ-ն՝ Խորհրդի մշտական անդամը և ՄԱԿ-ի կանոնադրության հեղինակներից մեկը, հարված հասցնում Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպանության համար պատասխանատու գլխավոր մարմնի հեղինակությանը»,- հայտարարել է նա:
Մի քանի երկրներ նույնպես քննադատել են ԱՄՆ-ին՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չարաշահում է խորհրդի մշտական անդամի իր լիազորությունները:










