Թրամփը Կոնգրեսից 18 մլրդ դոլար է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման 1-ին փուլի համար

11:59 • 06.01.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին խնդրել է 18 միլիարդ դոլար տրամադրել առաջիկա տասնամյակում Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման առաջին փուլի ֆինանսավորման համար:

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, որի տրամադրության տակ է հայտնվել համապատասխան փաստաթուղթը, առաջին փուլի շինարարությունը պետք է ավարտվի 2027 թվականին: 

Փաստաթղթում նշվում է, որ այդ միջոցները մասնավորապես անհրաժեշտ են լրացուցիչ 508,6 կիլոմետր պատնեշ կառուցելու, ինչպես նաև ամրացնելու համար արդեն գոյություն ունեցող 655 կիլոմետր պատնեշները:

Հաջողության դեպքում 3,2 հազար կիլոմետր երկարությամբ սահմանի ավելի քան կեսը պաշտպանված կլինի արհեստական պատնեշով:


Այդ առաջարկը ստացվել է Կոնգրեսում 2018 թվականի ֆինանսական տարվա բյուջեի շուրջ խորհրդակցությունների ֆոնին, որն սկսվել է դեռ անցած տարվա հոկտեմբերի 1-ին:

Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատը Թրամփի նախընտրական առանցքային խոստումներից մեկն էր: Դրա կառուցման մասին հրամանագիրը նա ստորագրել է դեռ անցած տարվա հունվարի 25-ին: