Twitter-ը հրաժարվել է արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի էջը

12:57 • 06.01.18

Twitter ընկերությունը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ համաշխարհային առաջնորդներին պատկանող էջերը սոցիալական ցանցում ունեն հատուկ կարգավիճակ՝ պատասխանելով օգտատերերի պահանջին՝ արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Reuters գործակալությունը:


«Twitter-ում համաշխարհային առաջնորդի արգելափակելը կամ հակասական թվիթները հեռացնելը կթաքցներ կարևոր տեղեկություններ, որոնք մարդիկ պետք է կարողանան տեսնել և վիճել դրանց շուրջ»,- ասված է Twitter-ի բլոգում տեղադրված հաղորդագրությունում:


Twitter-ն ավելի վաղ՝ սեպտեմբերին հայտարարել է, որ էջը կամ թվիթը հեռացնելուց առաջ այն հաշվի է առնում մի շարք գործոններ, որոնց թվում է «լրատվական արժեքը» և «հանրային հետաքրքությունը»:


Twitter-ում Թրամփի հաղորդագրությունների շուրջ վեճը, սակայն, նոր թափ ստացավ այն բանից հետո, երբ Թրամփն օրերս իր էջում հայտարարեց, որ «ավելի մեծ» ու «ավելի ուժեղ» միջուկային կոճակ ունի, քան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:


Թրամփին արգելափակել պահանջողները պնդում են, որ այդ թվիթը և ցանցում Թրամփի շարունակվող ներկայությունը վտանգում են աշխարհը և խախտում են բռնության սպառնալիքի վերաբերյալ Twitter-ի արգելքը: Որոշ օգտատերեր չորեքշաբթի բողոքի ցույց են կազմակերպել Սան Ֆրանցիսկոյում գտնվող Twitter-ի գրասենյակի դիմաց: