«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները վաղը կհավաքվեն Կառավարության դիմաց ու կպահանջեն հանդիպում վարչապետի հետ. Գ. Աճեմյան
Հունվարի 8-ին ժամը 14:00-ին «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հավաք են անցկացնելու Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը:
«Վաղը մենք ցույց ենք անելու, հավաք բայց ոչ ավտոերթ, դրանից հետո պահանջելու ենք վարչապետի հետ հանդիպում կամ իրեն առաջարկներ տանք: Բնականաբար, լավ կլինի, որ հանդիպում լինի, եթե չլինի, արդեն այնտեղ կհասկանանք` ինչ անել»,-ասաց նա:
Գևորգ Աճեմյանի խոսքով ՀՀ Տրանսպորտի կապի և Տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարի հետ հանդիպումն անարդյունավետ էր, թեև նախագծում որոշ կետերի առնչությամբ փոփոխություններ արվել են, բայց դրանք վարորդների հիմնական առաջարկների շուրջ չեն:
«Ամենակարևոր առաջարկները չեն ներառվել, բնականաբար, մնացածներն արդեն չենք էլ նայել: Եթե վերահաշվառման արգելքը չպետք է վերանա, էլ ինչի մասին է խոսքը»,- ասաց Աճեմյանը:
Նրա խոսքով` «Աջ ղեկ» նախաձեռնության պահանջը մնում է անփոփոխ, և դա նախագիծն ընդհանրապես հանելն ու չեղարկելն է:
«Առաջարկների փաթեթն արդեն տրանսպորտի նախարարությանը ներկայացրել ենք, նույն առաջարկները կներկայացնենք վարչապետին, եթե կցանկանա: Հիմա հստակ, դրված է այնպես, որ ամբողջությամբ նախագիծը պետք է հանվի, եթե ոչ, ուրեմն թող ընդհանրապես աջ ղեկով մեքենաները վարելն արգելեն»,-ասաց Գևորգ Աճեմյանը:
Հիշեցնենք, որ այսօր աջ ղեկով մեքենաների ներմուծման և անվանափոխման արգելքի դեմ ավտոերթ է մեկնարկել Էրեբունու Ավտոշուկայից: Մասնակիցները ավտոերթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա:










