Ավստրալիայում ռեկորդային ջերմություն է գրանցվել. ճանապարհների ասֆալտը սկսել է հալչել
Ավստրալիայում բնակիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ տներից երկրի հարավարևելյան շրջաններում տիրող «վտանգավոր» եղանակային պայմանների պատճառով, որոնց արդյունքում անգամ ճանապարհներն են հալչում:
Այս մասին հայտնում է The Independent-ը՝ նշելով, որ Ավստրալիայում այսօր գրանցվել է վերջին 80 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը: Սիդնեյի թաղամասերից մեկում օդի ջերմաստիճանն այսօր հասել է 47.3 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Այս ցուցանիշը առավելագույնն է 1939-ից ի վեր, երբ գրանցվել էր 47.8 աստիճան ջերմություն:
Ինչպես հաղորդվում է Նոր Հարավային Ուելս նահանգի օդերևութաբանական կենտրոնը կանխատեսել էր, որ ջերմաստիճանը կգերազանցի 2017-ի փետրվարին գրանցված 47 աստիճան ռեկորդային ջերմությունը:
Օդի բարձր ջերմաստիճանը կաթվածահար է արել նաև երթևեկությունը Սիդնեյում, քանի որ որոշ շրջաններում ճանապարհների ասֆալտը սկսել է հալչել:
Վիկտորիա ափամերձ նահանգի բնակիչներին ևս հորդորում են զերծ մնալ դրսում հայտնվելուց՝ «սպանիչ» ջերմության ալիքի պատճառով:










