Ինչպես տոնական օրերից հետո հեշտությամբ վերադառնալ աշխատանքային ռիթմին. խորհուրդներ մասնագետներից

11:47 • 07.01.18

Տոնական օրերից հետո ինչպես հեշտ վերադառնալ  աշխատանքային ռիթմին, Tert.am-ի հետ զրույցում սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ մեր օրգանիզմը այս ընթացքում երկու անգամ ենթարկվում է սթրեսի:

«Մարդն առաջին մեծ սթրեսը տանում է աշխատանքից արձակուրդի ռեժիմին անցնելիս և երկրորդը՝ աշխատանքի վերադառնալիս: Սթրեսը ինքնին նշանակում է օրգանիզմի ադապտացիա փոխվող պայմաններում: Ցանկացած պայման երբ որ փոխվում է, ժամային գոտի լինի, աշխատանքային ռիթմ լինի, օրգանիզմի սնման ռեժիմ լինի, օրգանիզմը սթրես է տանում դրան համարվելիս: Լավ կհարմարվի, թե վատ, կհյուծվի այդ հարմարվելու ընթացքում թե ոչ, կախված է սթրեսի գործոնի ուժգնությունից,  օրգանիզմի ադապտացիոն ռեժիմից և այլն»,-ասաց Վարդանուշ Պետրոսյանը:

Տոնական օրերին անկանոն ու բարձր կալորիական սննդից հետո, ալկոհոլի քանակի չարաշահումից հետո պետք է օրգանիզմը բեռնաթափել՝անցնելով ճիշտ սննդակարգի:

«Առաջինը` հնարավորինս փորձել բուսական, թեթև, քիչ կալորիական, քիչ յուղոտ մսամթերք օգտագործել, հաջորդը` հնարավորինս բուսական թեյեր,ջուր, կիտրոնով ջուր, հեղուկ, որպեսզի այդ հնարավոր կուտակված տոքսինները հեշտությամբ դուրս գան: Ֆիզիկական ակտիվության մասին էլ պետք է չմոռանանք, որովհետև եղանակն էլ տրամադրող է, որպեսզի քայլեն, և ամենակարևորը քնի ռեժիմն է, երբ տոների ժամանակ ուշ են քնում, ուշ են արթնանում: Հնարավորինս քնելու ռեժիմը պետք  է արձակուրդների ժամանակ էլ չփոխվի, եթե իհարկե փոխվում է պիտի արագ վերականագնել»,–ասաց սննդաբանը:

Իրականում տոնական հանգստից հետո աշխատանքի անցնելը ոչ բոլորին է հեշտ տրվում Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Քրիստինա Հարությունյանը:

«Որպես այդպիսին գոյություն ունի հետտոնական սթրես հասկացությունը, մոտավորապես բնակչության մեծամասնությունը` մոտ 80 տոկոսը բավականին դժվարությամբ է վերադառնում աշխատանքային ամենօրյա գրաֆիկին: Երբեմն այն նաև դիտվում է  որպես հետտոնական դեպրեսիա, բայց որպես այդպիսին դեռևս ես ինքս այցելուներ չեմ ունեցել, որ ինձ դիմեն հետտոնական սթրեսը կամ դեպրեսիան հաղթահարելու համար: Որպես հոգեբան կարծում եմ, որ դա լուրջ սթրես դիտարկելը ճիշտ չէ »,-ասաց հոգեբանը:

Այդուհանդերձ, հոգեբանի խոսքով տոնական օրերին սննդակարգի ու քնի անկանոն ռեժիմը հետագայում օրգանիզմի թուլության պատճառ է հանդիսանում:

«Կենտրոնացման խանգարումներ են դիտվում, անձը դառնում է ավելի դյուրագրգիռ, հյուծված է լինում, բարձր նյարդային ակտիվություն է լինում կամ հակառակը` ապատիկ վիճակ»,-նշեց նա:

Հոգեբանի խոսքով, որպես անձը հնարավորինս հեշտ անցնի արձակուրդային ռեժիմից աշխատանքային գրաֆիկին, պետք է քայլեր ձեռնարկի գոնե արձակուրդի վերջին օրերից սկսած` անցնելով ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության:

«Խորհուրդ է տրվում մոտ երկու օր առաջ, եթե հնարավորություն ունեն, սպա կենտրոններ այցելել, եթե չկա դրա հնարավորությունը գոնե զբոսնել քնելուց առաջ, դա նույնպես կենտրոնացմանը նպաստում է: Բացի դրանից մի պատճառ ևս կուզենայի նշել, որ քանի որ ձմռանը արևը քիչ է, օրերը կարճ, դրա համար այս շրջանում անձը ավելի հակված է սթրեսների, դեպրեսիայի , քանի որ օրգանիզմում սերատոնինի պակաս է լինում, որն ապահովում է երջանկության հորմոնը: Այս բացն էլ նույնպես կարող ենք փոխարինել ավելի հաճախակի զբոսնելով, ֆիզիկական ակտիվությամբ»,-ասաց հոգեբանը:

Ըստ նրա` անձը դժվարություններ ունենում է  արձակուրդից աշխատանքի անցնելու առաջին շաբաթում, երկրորդ շաբաթից սկսում է արդեն հարմարվել նախկին աշխատանքային գրաֆիկին, ուստի թե՛ աշխատողներին, թե՛ գործատուներին հոգեբանը խորհուրդ է տալիս միանգամից չծանրաբեռնվել աշխատանքով:

«Որքան երկար է տևում տոնական արձակուրդը, այնքան դժվար է անձը անցնում աշխատանքային գրաֆիկի, իսկ կարճ լինելու դեպքում, օրգանիզմը չի հասցնում հարմարվել այդ վիճակին»,-ասաց նա: