Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին

13:03 • 08.01.18

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով շնորհավորական նամակ է ստացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսից, որը նրան է փոխանցել Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուս եպիսկոպոսն օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:

Նամակում Հռոմի պապն իր բարեմաղթանքներն է հղել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը սուրբծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով աշխարհին խաղաղություն՝ հատկապես այն վայրերում, որտեղ տիրում են տագնապն ու բռնությունը:

Նշվում է, որ Վատիկանի ներկայացուցչի և Արամ Ա կաթողիկոսի հանդիպումն առիթ է դարձել Միջին Արևելքի ժողովուրդներին հուզող մի շարք հարցեր քննարկելու համար: