Մահվան ելքով վթարի վայրից փախուստի դիմած «Ճվճըվ Արոյի» որդին ներկայացել է ոստիկանություն

13:11 • 08.01.18

Tert.am- ի տեղեկություններով՝ այսօր Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթարի մասնակից BMW X6-ի վարորդ, «Ճվճըվ Արո»-ի որդին՝ Սարգիս Վարդանյանը, ով փախուստի էր դիմել դեպքի վայրից,  ներկայացել է ոստիկանություն:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը. «Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում նշված անձը ներկայացել է ոստիկանություն»։

Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ նշված վթարի հետևանքով մահացել էր ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը: ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նշենք, որ Սարգիս Վարդանյանը նախորդ տարվա մարտի 27-ին դատապարտվել էր տուգանքի: Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 դրամի չափով: 2016 թվականի հունվարի 1-ին «Վեյվ» կարաոկե ակումբում Սարգիս Վարդանյանը և քաղաքացի Անդրանիկ Շահինյանը միմյանց հասցեին հայհոյանքներ էին հնչեցրել՝ հասարակական կարգը բռնությամբ զուգորդված կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, բղավել, միմյանց քաշքշել էին, հասցրել փոխադարձ հարվածներ` խաթարելով ակումբի բնականոն գործունեությունը: