Ֆրանսիայում «Էլեանոր» փոթորկի զոհերի թիվը հասել է 6-ի (լուսանկարներ)
Ֆրանսիայում «Էլեանոր» փոթորկի զոհերի թիվը հասել է վեցի, ևս երկու մարդ կորած է համարվում: Այդ մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Սոն Է Լուար դեպարտամենտի պրեֆեկտուրային, որի տարածքում իրավապահները հայտնաբերել են փոթորկի հերթական զոհի մարմինը:
«Խոսքն անցած շաբաթ անհետ կորած տղամարդու մասին է: Ժանդարմները հայտնաբերել են զոհի մարմինը անհետանալու վայրից 500 մետր հեռավորության վրա՝ ջրամբարում»,- հայտնել են պրեֆեկտուրայում:
Ինչպես նշվում է՝ տղամարդը կորել էր դեռևս հինգշաբթի երեկոյան Լյուսենե-լ՛էվեկ բնակավայրում:
Այդկերպ, Ֆրանսիայի տարբեր դեպարտամենտների իշխանություններն արդեն հաստատել են ընդհանուր առմամբ հունվարի 3-ից երկրում մոլեգնող «Էլեանոր» փոթորկի պատճառով վեց մարդու զոհվելու փաստը:
Նախնական գնահատականների համաձայն՝ փոթորիկն առնվազն 200 միլիոն եվրոյի վնաս է հասցրել:






















