Վրաստանի դատախազությունում հուսով են, որ Սաակաշվիլին կարտահանձնվի հայրենիք

14:57 • 08.01.18

Վրաստանի գլխավոր դատախազությունը հուսով է, որ երկրում բոլոր մեղադրյալները դատարանի առաջ կկանգնեն հայրենիքում, սակայն նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը կախված է բացառապես ուկրաինական իշխանությունների որոշումից: Այդ մասին ասել է գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Գոգաձեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Վրաստանի գլխավոր դատախազությունը կանի ամեն ինչ, որպեսզի ամեն մարդ, ով Վրաստանում հանցագործություն է կատարել, կանգնի վրացական արդարադատության առաջ: Մենք կոնկրետ հարաբերություններ ունենք Ուկրաինայի համապատասխան իրավասու մարմինների հետ, և Սաակաշվիլիին հայրենիք արտահանձնելու մասին դիմումն արդեն ուղարկվել է»,- հայտարարել է Գոգաձեն:


Նրա խոսքով՝ «այժմ արդեն Ուկրաինայի համապատասխան մարմինները պետք է որոշեն՝ Սաակաշվիլիին արտահանձնել Վրաստան, թե ոչ»:


«Մենք հույս ունենք, որ բոլոր մեղադրյալներն անպայման կկանգնեն վրացական դատարանի առաջ»,- հավելել է Գոգաձեն:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:


Սաակաշվիլին, մասնավորապես, մեղավոր է ճանաչվել իր պաշտոնական դիրքի չարաշահման համար 2009 թվականին բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու ժամանակ: