Հռոմի պապը կոչ է արել երկխոսություն սկսել Կորեայի հարցով ու արգելել միջուկային զենքը

17:11 • 08.01.18

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկրներին աջակցել երկխոսությանը, որը կնպաստի Կորեական թերակղզում  ստեղծված լարված իրավիճակի թուլացմանը, հայտնում է Reuters-ը:

«Չափազանց կարևոր է աջակցել Կորեական թերակղզում երկխոսությանը նպաստող ցանկացած փորձի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել առկա վեճերը, զարգացնել փոխադարձ վստահությունն ու ապահովել կորեացի ժողովրդի, ամբողջ աշխարհի խաղաղ ապագան»,-ասել է պոնտիֆիկոսը:

Բացի այդ, կաթոլիկների հոգևոր առաջնորդը կոչ է արել օրենքի շրջանակում արգելել միջուկային զենքի կիրառումը: Նա նախազգուշացրել է, որ «մեծ կոնֆլիկտը կարող է սկիզբ առնել պատահական ու չնախատեսված հանգամանքից»:

Աղբյուրը մանրամասնում է, որ Հռոմի պապն այս խոսքերն ասել է Վատիկանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ ավանդական հանդիպման ժամանակ:

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ հարցը պետք է ստանա թե՛ հրեաներին, թե՛ պաղեստինցիներին գոհացնող լուծում: