Մեկնարկեց ՀՀ ԶՈւ 2018-ի առաջին զորակոչը. ԶՈւ ԳՇ պետի խոսքով՝ ծնողների միակ մտահոգությունն այն է, որ կարոտելու են (տեսանյութ)

16:32 • 08.01.18

Այսօր Հայաստանի Զինված ուժերում մեկնարկել է 2018թ.-ի առաջին ձմեռային զորակոչը, որի ընթացքին Կենտրոնական հավաքակայանում հետևել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը:

Նրանք շփվել են զինակոչիկների ծնողների հետ ու բարի ծառայություն մաղթել բոլոր նորակոչիկներին:

Կենտրոնական հավաքակայանում հավաքված նորակոչիկների ծնողները Tert.am-ի հետ զրույցում նշում էին, որ թեև դժվար է բաժանվելը որդիներից, բայց դրական են տրամադրված և ամենակարևորը՝ խաղաղ ծառայություն են ցանկանում:

Նուշիկ Հովսեփյանը Tert.am-ին պատմեց, որ արդեն ճանապարհում է երկրորդ թոռնիկին, առաջինը մեկ տարի է՝ ծառայում է Ջրակնում:

«Թող երկիրը խաղաղ լինի, երեխեքը բարով գնան, ուրախ վերադառնան տուն, հայ մայրերը երբեք արցունք չթափեն, թափելուց էլ՝ ուրախության արդյունք: Մենք առանձնապես չենք դժգոհում, Ղարաբաղը լավ է: Լավ են նայում, գոհ են»,-ասաց նա:

Շենգավիթ վարչական շրջանից նորակոչիկ Գևորգ Գևորգյանը ծառայության մեկնում է շատ բարձր տրամադրությամբ:

«Շատ բարձր տրամադրությամբ եմ՝ սկսած նրանից, որ քեզ ճանապարհում են, դու հասկանում ես, որ շատ մեծ պատասխանատվություն կա քո վրա, այդ ամեն ինչը այնպես են կազմակերպում, որ շատ բարձր տրամադրությամբ գնանք, հասնենք այն տղերքին, ովքեր հիմա պոստերում կանգնած են, ու մենք գնալու ենք իրենց փոխարինենք»,-ասաց նորակոչիկը:

Այս զորակոչն առանձնահատուկ է Պաշտպանության նախարարության կողմից նոր՝ «Ես եմ» ծրագրի ներդրմամբ: Դրանով նորակոչիկին ծառայության նոր մոդել է առաջարկվում՝ ժամկետային-պայմանագրային: Ծրագրի մանրամասներից լրագրողներին ներկայացրեց Մովսես Հակոբյանը:

««Ես եմ» ծրագիրը կամավորական սկզբունքներով զինծառայողներին թույլատրում է պայմանագիր կքնել ԶՈՒ- ի հետ և ծառայությունը իրականացնել ծրագրի շրջանակում: Նաև «Զինվորական ծառայության մասին» օրենքի մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել, հանվել է 50 կմ հեռու ծառայելու այդ արգելքը, ընդհանրապես ցանկացած զինծառայող նաև իր վիճակահանության ընթացքում կարող է զորակոչվել բնակության մոտ վայրում: Փոխվել է նաև այն, որ այսօր զինծառայողները ճանապարհելու ժամանակ ոչ թե զինվորական օրապահիկ են ստանալու, ինչը որոշակի դժվարություն է առաջացնում ճանապարհին սնվելու համար, այլ պատրաստի սննդատեսակն է տրվելու, որ իրենց համար հեշտ լինի ճանապարհին սնվելը»,-ասաց Մովսես Հակոբյանը:  

Հակոբյանի փոխանցմամբ «Ես եմ» ծրագրով դեկտեմբերի 30-ի դրությամբ 120 հոգի է դիմել: Դա լինելու է առանձին ստորաբաժանում, որովհետև նախատեսված է ծառայության այլ մոդել:

Նորակոչիկների ծնողների հետ շփվելուց հետո Մովսես Հակոբյանը նշեց, որ որևէ մեկը մտահոգություն չի հայտնել:

«Բարեբախտաբար ոչ մեկը մտահոգություն չհայտնեց: Միակ մտահոգությունն այն է, որ կարոտելու են»,-ասաց նա:

Անդրադառնալով առողջական խնդիրներ ունեցողներին զինվորական ծառայությունից չազատելու ծնողների բողոքներին, Մովսես Հակոբյանը նշեց, որ այսօր նման բողոքներ ևս չի լսել:

Նա նշեց, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը մանրազնին քննում է զինծառայողի առողջական վիճակը, ստեղծված է նաև բողոքարկման հանձնաժողով Պաշտպանության նախարարի ավագ խորհրդականի գխավորությամբ, և եթե կայացված որոշման հետ զինծառայողն ու ծնողը համաձայն չեն, հնարավորություն ունեն բողոքարկելու բոլոր ատյաններում:

«Եթե որէ անօրինականություն է կատարվել զորակոչիկի հանդեպ, ապա մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել տվյալ վատառողջ զինվորին զորակոչելու համա: Մի պարզ բան պիտի հասկանանք՝ բանակին վատառողջ զինվոր պետք չէ»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանի խոսքով՝ արդեն 12 տարի անընդհատ ունենք զորակոչի նվազում, սա վերջին տարին է, բայց զուգահեռաբար բանակը պայմանագրային հիմունքով զինծառայողներով է համալրվում, սա չի անդրադարձել մարտունակության վրա:

«Մոտավոր 65 տոկոսը պայմանագրային են, 35 տոկոսն են պարտադիր զորակոչով զինակոչված զինծառայողները»,-ասաց նա: