Միջազգային ահաբեկիչ Խաթաբը թունավորվել է նամակի միջոցով. հայտնի են դարձել ահաբեկչի վերացման մանրամասները

11:36 • 08.01.18

Ծնունդով Սաուդյան Արաբիայից միջազգային ահաբեկիչ Խաթաբը (1969-2002) սպանվել է Չեչնիայում թույնի միջոցով: Այդ մասին «Ռոսբալտ» գործակալությանը պատմել է այդ դեպքի հետ անմիջական կապ ունեցող աղբյուրը:


Նա համարվում էր 1995-2002 թվականներին Ռուսաստանի Դաշնության տարածքում ինքնահռչակ Իչկերիայի Չեչենական Հանրապետության զինված խմբավորումների ղեկավարներից մեկը, Չեչնիայում իսլամական պետության ստեղծման կողմնակից։


Գրոհայինի ոչնչացումը բարդանում էր այն պատճառով, որ նա մշտապես փոխում էր իր գտնվելու վայրը և չէր վստահում կապի միջոցներին: Նա կապ էր պահում աշխարհի հետ նամակների միջոցով, որոնք փոխանցվում էին շղթայով, որին հետևել հնարավոր չէր:


Սակայն, երբ հատուկ ծառայությունները պարգևատրում են հայտարարել Խաթաբի մասին տեղեկատվության համար, սուրհանդակներից մեկը համաձայնել է համագործակցել հատուկ ծառայությունների հետ: 2002 թվականի մարտին նա հայտնել է Սաուդյան Արաբիայից նամակ ստանալու մասին, և Մոսկվայից շտապ ժամանած քիմիկոս մասնագետը նամակն ուժեղ ազդեցության թույնով է մշակել: Նամակը հետ են դրել և ուղարկել շղթայով:


Ավելի ուշ հարցաքննության ժամանակ Խաթաբի ձերբակալված թիկնապահը պատմել է, որ նա ստացել է նամակը, այն բացել և կարդալուց հետո գցել խարույկի մեջ: Թույնի ազդեցությունը սկսել է նկատվել երրորդ օրը, ահաբեկչի վիճակը կտրուկ վատացել է, և նա մահացել է 2002-ի մարտի 20-ին: